ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Այսօր մայրաքաղաքում գերիշխում, ճաշակ ու ոգի է պարտադրում թոքմաջյանիզմը

Այսօր մայրաքաղաքում գերիշխում, ճաշակ ու ոգի է պարտադրում թոքմաջյանիզմը
21.08.2009 | 00:00

ՏԱԳՆԱՊ. ԹՈՔՄԱՋՅԱՆԸ ԲՌՆԱԶԱՎԹՈՒՄ Է...
Այն, ինչ իրականացնում է ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը, մշակութային եղեռն է, ոչ պակաս: Ի սկզբանե բավականին շնորհալի այս ստեղծագործողն ասես դիվահարվեց Սարյանի մարմարակերտ արձանը տեղադրելով: Հետո եկան անկախության, բարքերի, ոգու ու մտքի խառնակման ժամանակները, և պարոն Թոքմաջյանն առաջապահների թվում էր: Եթե խորհրդային տարիներին գործող գեղարվեստի խորհուրդը որոշակիորեն զսպում էր Լևոն Թոքմաջյանի (նաև այլոց) ահագնացող ախորժակը, ապա անկախացմամբ վերացավ գեղխորհուրդը, և կանաչ լույս վառվեց զարհուրելի այս հեղեղի առջև:
Լեոնիդ Ենգիբարովի, Կարաբալայի, Տիգրան Մեծի, Նոյ նահապետի, ուրարտական Արգիշտի արքայի, ազգային վրիժառու Սողոմոն Թեհլերյանի, Գևորգ Չավուշի, Արամ Մանուկյանի արձանները Հայաստանը և հայկական գաղթօջախները մշակութային, ավելի ստույգ` արձանագործական բռնաբարման են ենթարկում: Եվ դա մի մարդու կողմից, ով, հանուն արդարության փաստենք, հիանալի կերտվածքներ ունի: Մասնավորապես Անուշն ու Սարոն Թումանյանի անվան զբոսայգում: Սակայն արվեստը, երկրի անկախացմամբ, նրա մոտ փոխարկվում է արհեստի, արհեստն` առևտրի, ավելի ստույգ` ծովահենության...
Ինչ-ինչ ճանապարհներով Թոքմաջյանին հաջողվում է արձանագործական լավագույն պատվերները ձեռք գցել, բառի բուն իմաստով դրանք կորզելով քաղաքապետարանի և թաղապետարանների միջանցքներում և առանձնասենյակներում:
Այսօր արդեն հայ ազգային քանդակագործության չափանիշը Սասունցի Դավթի, Ալեքսանդր Թամանյանի կամ Մատենադարանի առջև շարակարգված արձանների գեղարվեստն ու գաղափարախոսությունը չէ: Այսօր մայրաքաղաքում գերիշխում, ճաշակ ու ոգի է պարտադրում թոքմաջյանիզմը: Միմիայն...
«ՆՐԱ ՁԵՌՔԻՑ ՊՐԾՈՒՄ ՉՈՒՆԵՆՔ»
Անկեղծ ասած, ժամանակին փորձեցին ըմբռնել այս անըմբռնելի երևույթը սնուցող դրդապատճառները: Նկարիչների միության քանդակի և արվեստաբանության սեկցիաները փորձեցին դիմակայել այս հեղեղին, սակայն անկարող էին: Պարզ մի պատճառով. նրանց կարծիքն ուշադիր լսում էին և... ուշիմորեն անտեսում: Առանձին թաղապետերի և մշակութային հիմնահարցերով զբաղվող պատասխանատուների պատասխանները նման էին սիամական երկվորյակների. «Նրա ձեռքից պրծում չունենք»:
Նրա գործընկերների, ասել է` տասնյակ քանդակագործների կարծիքը Թոքմաջյանի վերաբերյալ նույնական է. նա, անդուլ ջանքեր գործադրելով, տարեսկզբին թերթում է օրացույցը, հայտնաբերում նշանավոր տարեթիվը և սրարշավում քաղաքապետարան, կառավարություն... անհրաժեշտության դեպքում էլ` նախագահական նստավայր: Եվ գործը «դզում»:
Այնուամենայնիվ, անհնար է զուտ համառությամբ Հայաստանը, Երևանը և հայկական գաղթօջախները վերածել սեփական տնամերձի ու այն հագեցնել մշակութային մոլախոտով: Զորավոր մի ձեռք կանաչ լույս է վառում նրա առջև: Ինչպես վառեց, երբ նախագահական նստավայրի առջև բուսնեցին արձանագործական նշանավոր խայտառակությունները: Հասկանալի է, Ռոբերտ Քոչարյանն իր նշանավոր կոչով Երևանը վերածելով սեփական գրասենյակի, Հայաստանն էլ տոնավաճառի, կարող էր նման «կայֆ բռնել»: Այսինքն` ընդունել Թոքմաջյանի առաջարկը` նախագահականի առջև Նոյի և Տիգրան Մեծի արձանները տեղակայել և, հեռակա կարգով, ինչ-որ մի վիրտուալ իրականությունում... համահավասարվել առասպելական և կիսաառասպելական գերհերոսներին:
Հասկանալի էր և այն, որ Աջափնյակի նախկին թաղապետ, գեղագիտությամբ ամենևին չփայլող Արծրուն Խաչատրյանն էլ կուլ է տալիս Թոքմաջյանի խայծը և համայնքի խուլ մի անկյունում տեղակայում ազգային վրիժառու Թեհլերյանի ահասարսուռ կիսանդրին: Հետո Արծրունը գլուխը բռնած փնտրում էր Լևոնին: Համայնքը չընդունեց արձանը և այն իսկույն անվանակոչեց` «Պլանքյաշը»: Սակայն դրա համար ավելի առարկայական պատճառ էլ կար. Թոքմաջյանը «մոռանում է» կիսանդրու վրա բրոնզաձույլ տառերով դաջել հերոսի անուն-ազգանունը...
Իհարկե, գեղագիտության և մտավոր պաշարի տեսանկյունից հաջորդ թաղապետ Ռ. Հովսեփյանն անհամեմատ ավելի հասուն է: Սակայն նա էլ է հայտնվում թոքմաջյանական սարդոստայնում և համայնքի` արդեն կենտրոնական վայրերից մեկում կանաչ լույս վառում Գևորգ Չավուշի արձանի համար: Բավարարվենք համայնքի բնակչության հերթական անվանակոչմամբ. «Քինգ-Քոնգ»...
ՁԳՏՈՒՄ Է ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՏԵՂԱԿԱՅԵԼ ԱՐՁԱՆԱԽՈՒՄԲ
Երբ համայնքային հեղինակություններից փորձեցի տեղեկանալ, թե, այսուհանդերձ, ինչպե՞ս թույլ տվեցին նաև իրենց «կոտրել», պատասխանն անսպասելի չէր: Ինչ-որ մեկը վերևներից զանգում, համոզում է: Ամենազոր այդ ձեռքի առջև անզոր են մասնագիտական հանձնաժողովները, խորտակվում են չինովնիկական քիչ թե շատ ամուր պատնեշները, արգելափակվում է հասարակական բողոքի հերթական պայթյունը...
Իսկ պարոն Թոքմաջյանը «կոտրում է» նաև ՀՅԴ-ին ու ՀՀ ոստիկանապետին` Ալիկ Սարգսյանին. ոստիկանական մասնաշենքի առջև հերթական քանդակագործական խեղաթյուրանքը տեղակայելով: Ի դեպ, պարոն Ալիկ Սարգսյանը մինչ այդ մտավորականներից կազմված հասարակական խորհուրդ էր ձևավորել: ՈՒ ի՞նչ եք կարծում` այս հարցը նա համաձայնեցրե՞լ է հիշյալ խորհրդում: Բնավ: Եվ նրան հասկանալ է պետք: Հասարակական խորհուրդն անգո, վերացական ինչ-որ բան է: Իսկ ահա հայոց մշակույթի նախարար տիկնոջ ցանկությունը բոլորովին այլ որակ է:
ՈՒ այսպես պարոն Թոքմաջյանը հետևողականորեն գնում է իր ոսկե երազի հետևից` Հանրապետության հրապարակում տեղակայել արձանախումբ:
Ի դեպ, 1992-ին, ՈՒլյանով-Լենինի գահընկեցումից հետո, Թոքմաջյանը բազում դռներ է թմբկահարում ու փորձում կորզել հրապարակում քյալագյոզություն անելու պատվերը: Ի դեպ, նաև հրապարակավ հայտարարելով, թե նոր արձանի կամ հուշակոթողի մրցույթ հայտարարելու որևէ կարիք չկա, ինքը պատրաստի արձան ու կոթող ունի և ցանկացած ժամանակ կարող է բերել ու տեղակայել... Ինչ-ինչ, սակայն որոշակի գեղագիտական սկզբունքներ այն տարիների իշխանություններն ունեին: Եվ Թոքմաջյանի մտահղացումը մնաց օդում կախված:
ՆԱ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ԱՐՁԱՆԱԽՈՒՄԲՆ Է ԿԵՐՏԵԼՈՒ
Անցած երեքշաբթի Թոքմաջյանի և նրա հովանավորների բենեֆիսն էր` օրը ցերեկով: Բարձրաստիճան մի խումբ գործիչներ մամուլի աշխույժ ուղեկցությամբ գրոհեցին Թոքմաջյանի բացօթյա աշխատանոցը: Կարծես մեծն Քոչարի Սասունցի Դավիթն էր կերտվում...
Այդ այցը, սակայն, ինքնանպատակ չէր: Բացեիբաց, ի լուր հասարակության և ի գիտություն ստեղծագործ մտավորականության հայտարարվեց` Լևոն Թոքմաջյանն իրենց բարձր հովանու տակ է, նա Եղեռնի զոհերի արձանախումբն է կերտելու, նա հեղեղելու է հանրապետության դեռևս ազատ հրապարակներն ու անկյուններն իր արձաններով և, ուշադիր եղեք, հենց նա է հեղինակելու Հանրապետության հրապարակում վաղ թե ուշ կերտվելիք հուշակոթողը: Այս ամենը նրբաճաշակ փարիսեցիությամբ կոծկվեց ինչ-որ գեղարվեստական խորհրդի վերջնական խոսքի իրավունքով: Այո՜...
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. -Այս հանդիսավոր ցուցքին ներկա քաղաքապետ Գ. Բեգլարյանին վերապահված է քավության նոխազի տխուր դերակատարումը: Դեռևս ուժի մեջ է ՀՀ կառավարության դ 556 (31 օգոստոսի, 1999 թ.) որոշումը, ըստ որի` Երևանում քաղաքապետն է որոշում ընդունում որևէ հուշարձանի իրականացման վերաբերյալ:
Ինչ վերաբերում է տարփողված գեղխորհրդին, ապա վերջինիս կազմում յոթ ճարտարապետներ են և միայն երեք քանդակագործ:
Ի դեպ, հոկտեմբերի 27-ին ԱԺ այգում տեղադրվելիք աննախադեպ սպանդի զոհերին ձոնված հուշարձանը ևս Թոքմաջյանի սևեռուն ուշադրության կենտրոնում է:

Դիտվել է՝ 2813

Մեկնաբանություններ